Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ապրիլի 5-ին ամփոփել է փողային և հարվածային գործիքների երաժիշտների թափուր աշխատատեղերի համալրման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։
Մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը, կոնսերվատորիայի պրոռեկտոր Ռուբեն Տերտերյանը, կոնսերվատորիայի փողային նվագարանների ամբիոնի վարիչ Նորիկ Գալստյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դիրիժոր Յուրի Դավթյանը։
Մրցույթի մասնակիցները կատարել են մեկ մեծ ծավալի ստեղծագործություն և մեկ ընթերցում թերթից: Հեղինակավոր մասնագետների կողմից ընտրված 18 երիտասարդ երաժիշտները կհամալրեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմը։
Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իրենց նպատակը երիտասարդներից կազմված լիակազմ սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելն է, և ըստ նրա՝ մրցույթը երաժիշտների ընտրության լավագույն ձևն է։ Ընտրությունը, Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ, բավականին դժվար էր, քանի որ մրցույթի հայտ ներկայացրած գրեթե բոլոր երաժիշտներն էլ աչքի էին ընկնում բավականին բարձր պրոֆեսիոնալիզմով։